Հայաստանում դատախազներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կորոնավիրուսով վարակված դատախազի հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, և նրա ընտանիքի անդամները մեկուսացվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազի առողջական վիճակը լավ է, առկա է բարելավման դինամիկա: Ներկայում նա ստանում է համապատասխան բուժում: Նրա մոտ ջերմություն և այդ վիրուսային հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված դատախազի հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, և նրա ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ նրա առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ է ունեցել, գտնվում են ինքնամեկուսացման մեջ. նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: Ախտանշաններ ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար:

20 ապրիլի, Հայաստան. կորոնավիրուսն արդեն 1339 մարդու «դուռ է թակել»

Խաչատրյանը հայտնեց նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Ավինյանի նոր որոշումը. կորոնավիրուսի պատճառով Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմ կգործի

Արդեն տևական ժամանակ է` աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև դատախազները, աշխատանքային գործունեությունն իրականացնում են բնակության կամ փաստացի գտնվելու վայրում ինքնամեկուսացման պայմաններում: Իսկ աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն օր ջերմաչափվում են, դատախազության վարչական շենքերում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ:

«Վերջին անգամ կրկնակի ախտահանում իրականացվել է այս շաբաթ և կիրակի օրերին: Բացի այդ, բոլոր աշխատակիցները, աշխատասենյակներն ապահովված են ալկոգելներով կամ այլ ախտահանիչ միջոցներով»,–ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1339 դեպք: Վարակվածներից 580-ն առողջացել են, 22-ը` մահացել։

Կորոնավիրուսից մահացածները 90 և 62 տարեկան են. Առողջապահության նախարարություն