ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Մարտին Գալստյանը բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին։ Նա, ի դեպ, ԿԲ–ի նոր նախագահի միակ թեկնածուն էր։ Գալստյանին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։
Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին ընտրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում:
Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին: 1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
Կենտրոնական բանկը նախագահի մեկ թեկնածու ունի. նա «առաջին փուլն» անցել է
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավար:
2018 թ-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:
ՀՀ ԿԲ նոր նախագահը հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն և կլաստերներ» առարկան: Նույն համալսարանում Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով դասախոսություններ է կարդում: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս: Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հիշեցնենք, որ ապրիլի 17–ին Գալստյանի թեկնածությանը կողմ են արտահայտվել 104 պատգամավոր, դեմ՝ 15-ը: