Կառավարությունում ուզում են աջակցել նաև անչափահաս երեխա չունեցող օրավարձով աշխատողներին

Աջակցությունների չափը համեմատական է նվազագույն աշխատավարձի և սոցիալական օգնությունների չափի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում կառավարությունը ծախսել է 12.5 մլրդ դրամ, որը վերաբերել է 460 000 քաղաքացիների։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Տուժած ոլորտի ավելի քան 90 000 աշխատակիցներ են աջակցություն ստացել, իսկ անչափահաս երեխաներ ունեցող և աշխատանք չունեցող 70 000 ընտանիքների է միանվագ աջակցություն հատկացվել։ Աջակցությունների չափն, ի դեպ, համեմատական է նվազագույն աշխատավարձի և սոցիալական օգնությունների չափի հետ»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` շուրջ 486 000 բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի և գազի վճարները փոխհատուցվել են։

Անդրադառնալով սահմանափակումների մեղմացմանը, Սարգսյանը նշեց, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թույլատրելու հարցը։ Իսկ թե կոնկրետ որ գործունեության տեսակները թույլատրելի կլինեն, առաջիկայում կհայտնի պարետատունը։

Ազգային ժողովի մոտ քաղաքացին կարել է շրթունքները. պատճառը սոցիալական խնդիրներն են

Սարգսյանը հայտնեց նաև, որ այս պահին քննարկվում է օրավարձով այն աշխատողներին աջակցություն ցուցաբերելու հարցը, որոնց ընտանիքներում չկան անչափահաս երեխաներ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային 14 ծրագիր է մշակել:

11-րդ միջոցառման շրջանակում, օրինակ, շուրջ 600 հազար քաղաքացի աջակցություն կստանան օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով:

Կոմունալ վճարների փոխհատուցման հարցն էլի է քննարկվում. 12-րդ ծրագիրն են մշակում

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով 10 000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Մեկ այլ ծրագրով էլ 30 տոկոս աջակցություն կստանան փետրվարին մինչև 30 000 դրամի գազ ու մինչև 10 000 դրամի էներգիա սպառած բաժանորդները:

Կառավարությունը սոցիալական աջակցության ծրագրեր է մշակել նաև հղիների, աշխատանքից զրկված, անչափահաս երեխաներ ունեցողների և այլ խմբերի համար:

Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան