ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի թույլ տված պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:
Պարզվել է, որ Դիլիջան համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով ու անտեսելով «Ընդերքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, Աղստև գետից հանված ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է իր մտերիմ անձին պատկանող կոոպերատիվին:
2013-2016 թվականներին քաղաքապետն առանց ավագանու որոշան հիշյալ կոոպերատիվի հետ պայմանագիր է կնքել, որի հիման վրա Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրվել է կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Իսկ 2016-2019թթ.-ին, դարձյալ առանց ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող TLB-825-R» մակնիշի էքսկավատորը և ՄԱԶ մակնիշի բեռնատարը առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար անհատույց օգտագործման համար տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին:
Իսկ երբ իրավապահ մարմինները բացահայտել են տեխնիկան առանց փաստաթղթերի մասնավորին հանձնելու փաստը, քաղաքապետը հետին թվով կեղծ պայմանագիր է կազմել տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ:
Հայկական քաղաքների լավագույն հնգյակը, որտեղ կարելի է ձմեռային հաճելի հանգիստ անցկացնել
Բացահայտված փաստերով Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, Դիլիջան համայնքի ղեկավարն այդ պաշտոնում ընտրվել է 2005թ-ին, վերընտրվել 2012-ին ու 2016-ին և շարունակում է պաշտոնավարել առ այսօր:
2006թ.-ին նա պարգևատրվել է ԵԿՄ մեդալով, 2008թ.-ին՝ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով:
Նշենք, որ Աղստևից անօրինական ավազ հանելու ու տեղում ապօրինի ավազահանք շահագործելու մասին մամուլը տարիներ շարունակ գրել է, բայց ներկայացված փաստերին որևէ ընթացք տարիներ շարունակ չէր տրվել:
ԱԱԾ-ն խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք է բացահայտել քաղաքապետարանում