ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խստացրել է ապրիլի 12-ի՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշմամբ նախատեսված սահմանափակումները:
Նա արգելել է արցախցիների ելքը հանրապետության տարածքից: Բացառություն է սահմանված միայն բեռնատարների վարորդների ու նրանց ուղեկցորդ մեկ անձի համար:
Առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում Արցախ-Հայաստան սահմանը կարող է հատվել միայն Արցախի առողջապահության նախարարության կամ «Հակահամաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի տված տեղեկանքի առկայության պարագայում:
Հայաստանում հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով Արցախից ՀՀ կարող են գալ միայն մերձավոր ազգականները՝ կինը, ամուսինը, ծնողները, երեխաները և քույրն ու եղբայրը:
Տեղաշարժի արգելքը չի տարածվելու ԱՀ Պաշտպանության բանակի զինված ուժերի անձնակազմի ու զինտեխնիկայի վրա:
Պարետի որոշումն ուժի միջ է մտնելու երկու օրից՝ ապրիլի 22-ից:
Հիշեցնենք` ապրիլի 7-ին Արցախում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը:
Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երկրում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը։