ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՀ պարետատունը պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի հայկական ակումբները կարող են սկսել իրենց մարզումները ապրիլի 23-ից:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ-ին հատկացվելու են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա երեք օրերի ընթացքում բաժանվելու են Բարձրագույն և Առաջին խմբերի թիմերին: Մինչև մարզումները սկսելը թեստավորվելու են ոչ միայն ֆուտբոլիստները, այլ նաև ակումբների բոլոր աշխատակիցները:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել էին մարտի 13-ից: Մեկ ամսից ավելի հարկադիր պարապուրդի մատնվելուց հետո թիմերը հնարավորություն կստանան մարզվել:
«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից
Բարձրագույն և առաջին խմբերի յուրաքանչյուր թիմի մարզմանը, ըստ ձեռք բերված համաձայնության, կարող են մասնակցել առավելագույնը 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզիչները, և սպասարկող անձնակազմը:
Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը
Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես կամ հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։