ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Չի բացառվում, որ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմակիցների ու Իտալիայի ֆուտբոլի առաջնության մյուս թիմերի հետ խաղադաշտ վերադառնա հունիսին։
Համենայնդեպս Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար (FIGC) Գաբրիելե Գրավինան լրագրողներին ասել է, որ մտադիր է վերականգնել Ա սերիայի խաղարկությունը։
Իտալիան առաջիններից մեկն էր Եվրոպայում, որ կորոնավիրուսի պատճառով կասեցրեց երկրի առաջնության խաղարկությունը։
«Երկու գաղափար կա. մեկը` սպորտային աշխարհի հետ կապված ամբողջ գործունեությունը պետք է կասեցվի։ Մյուսը (որի հետ համամիտ եմ)` խաղաշրջանը պետք է շարունակվի։ Ես չեմ կարող իտալական ֆուտբոլի վախճանի պատճառ դառնալ։ Ես պատասխանատվություն եմ կրում ֆուտբոլային և սպորտային շարժումների պաշտպանության համար», – ասել է Գրավինան, որի խոսքերը մեջբերում է Tuttosport–ը։
Նա նաև հույս է հայտնել, որ հունիսին Իտալիան շունչ քաշելու հնարավորություն կունենա։
«Իսկ ինչ կլինի, եթե կառավարությունը կասեցնի (առաջնության խաղարկությունը)։ Այդ պատասխանատվությունը ես նրանց եմ թողնում։ Անձամբ ես ուրախությամբ կողջունեի նրանց ընտրությունը։ Կարո՞ղ եք պատկերացնել այն դրաման, որ զգում եմ այս պայքարում», – ասել է Գրավինան։
Հիշեցնենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ «Ռոմայի» խաղացողները, ինչպես նաև գլխավոր մարզիչ Ֆոնսեկան և նրա շտաբը հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից` ճգնաժամային շրջանում հարազատ ակումբին օգնելու համար։