«Barev dzez». չինացին օգտատերերին հայերեն է սովորեցնում պարզ և արդյունավետ տարբերակով

Մայքլ Հեն Հայաստանի վաղեմի և անդավաճան երկրպագու է: Նա համացանցում հաճախ է մեր երկրի մասին պատմող վառ տեսահոլովակներ հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի –Sputnik. Չինացի Մայքլ Հեն երեք րոպեանոց տեսահոլովակում համացանցի օգտատերերին հայերենի հիմնական արտահայտություններն է սովորեցնում։

«Բարև ձեզ։ Անունս Մայքլ Հե է։ Հայերեն եմ ուսումնասիրել Հայաստանում և Հարվարդում։ Այսօր ձեզ կսովորեցնեմ մի քանի հիմնական արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ Հայաստանում», – տեսադասի սկզբում ասում է նա։

Հետաքրքիր լուսանկար Քարդաշյաններից. ի՞նչ էր անում 14–ամյա Քիմը Մայքլ Ջեքսոնի ագարակում

Տեսանյութի մեկնաբանություններում Մայքլը նշում է, որ դասերը նախատեսված են նրանց համար, ովքեր ծրագրում են այցելել Հայաստան։ Նա կարծում է, որ հիմնական բառերի և արտահայտությունների իմացությունը կօգնի ավելի հեշտ շփում հաստատել տեղի բնակիչների հետ։

«Հուսով եմ՝ այս մի քանի արտահայտությունները կօգնեն ձեզ Հայաստան այցելելիս։ Երբ կարանտինն ավարտվի, մենք կրկին կկարողանանք ճանապարհորդել», – ասում է նա տեսահոլովակի վերջում։

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Մայքլի տեսաձայնագրությունը դիտել են ավելի քան 70 հազար անգամ։ Համացանցի հայ օգտատերերը ողջունել են նրա նախաձեռնությունն ու հիացական մեկնաբանություններ թողել։

«Ինձ համար սա չափազանց դժվար է». Ֆրանսիայի դեսպանը հայերեն է սովորում

Ենթադրվում է, որ դասերը շարունակական կլինեն։

Հիշեցնենք, որ Հարվարդի շրջանավարտ Մայքլ Հեն Հայաստանի վաղեմի և անդավաճան երկրպագու է, նա առաջին անգամ Հայաստան է  այցելել 2015 թվականին։ Մի քանի տարի շարունակ նա YouTube–ում, ինչպես նաև Facebook–ի և  Instagram–ի իր էջերում Հայաստանի և հայերի մասին պատմող տեսահոլովակներ է տեղադրում։

Մայքլի գրառումները համացանցում մեծ տարածում են գտել հատկապես հայ օգտատերերի շրջանում։  Եվ դա պատահական չէ, քանի որ վառ ռեպորտաժները ուղեկցվում են հետաքրքիր տեղեկություններով և հեղինակի մեկնաբանություններով։

Պետք է նշել, որ  երիտասարդը ոչ միայն զբոսաշրջային տեսահոլովակներ է նկարահանում և պատմում երկրի տեսարժան վայրերի մասին, այլև ակտիվ տարածում է տեղեկություններ 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։

«Սիրում եմ քեզ». ինչպես հայերեն ուղերձը հայտնվեց իտալական Vogue–ում