Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքով 100 ՀՀ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան

Հայաստան վերադարձած քաղաքացիները 14 օր կմնան պարտադիր կարանտինային ռեժիմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իրականացվել է Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը, որի միջոցով ՀՀ 100 քաղաքացիներ վերադարձել են Հայաստան։

Առաջիկայում Ռուսաստանից դեպի Հայաստան թռիչք չի նախատեսվում

«Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը։ Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը հայտնում է, որ նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք իրականացվել է Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ։

Ե՞րբ մեր հայրենակիցները կկարողանան ՀՀ վերադառնալ․ պարետատունը ժամկետներ է նշել

«Առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք բախվել են կացության հետ կապված խնդիրների, ունեցել են մանկահասակ երեխաներ, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին»,- տեղեկացնում է դեսպանատունը։

Դեպի Երևան չվերթ դեռ չի լինի. դեսպանատան խորհրդականը` Դոմոդեդովոյում տիրող իրավիճակի մասին

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Հիշեցնենք ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով հայրենիք վերադարձան 230 քաղաքացի, որոնցից 201-ի մեկնումը կազմակերպվել է անվճար։ Ավելի վաղ՝ ապրիլի 6- ին և 7-ին կազմակերպված չարտերային չվերթերով 400-ից ավելի քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։

Հայրենիք վերադառնալու համար դեսպանությունում ցուցակագրվածների թիվը, սակայն, գրեթե 2000 էր։