Ինչպե՞ս են Փաշինյանի ուղերձի տեխնիկական փորձի կադրերը հայտնվել համացանցում․ ո՞վ է մեղավոր

Հանրային հեռուստաընկերությունը շտապում է պարզաբանել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են մի շարք հեռուստաընկերություններ, մինչդեռ Փաշինյանի մամուլի քարտուղարը բավականին կոշտ հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսուղերձի չստացված հատվածները հայտնվել են համացանցում և մեծ աղմուկ են բարձրացրել։ Չստացված կադրերը՝ երգիչ Թաթուլ Ավոյանի երգի համադրությամբ, ակտիվորեն տարածվել են սոցիալական կայքերում:

«Կորոնավիրուսը չի վերանա, քանի դեռ պատվաստանյութ չկա». Փաշինյան

Տեսահոլովակը մեծ դժգոհություններ է առաջացրել մի շարք օգտատարերի շրջանում, որոնք մեղադրում են Հանրային հեռուստաընկերությանը՝ նման կադրերի արտահոսք թույլ տալու համար:

Հանրային հեռուստաընկերությունն էլ Facebook-ի իր էջում պաշտոնական պարզաբանում է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձից առաջ արված կադրերի վերաբերյալ, որոնք երեկվանից հայտնվել են համացանցում:

«Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են «Արմենիա TV», «Շանթ», «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանրայինից հայտնում են, որ բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն՝ ՀՀ վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը, իսկ Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել։

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ». Նիկոլ Փաշինյան

Մինչդեռ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հայտարարությունը կարծես մեղադրանք է ուղղված Հանրային հեռուստաընկերությանը։

«Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից»,- նշել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

«Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում»,- ընդգծել է վարչապետի խոսնակը։

«Մինչ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համավարակին». Փաշինյան

Գևորգյանի կարծիքով՝ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչև վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

«Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։
Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»,- շեշտել է Գևորգյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ժողովրդին ուղերձ էր հղել, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ներկայացված են ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Տեսանյութը մոնտաժված է, որում Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։