Տողանյանը հայաստանցիներին հորդորում է լքել «Դոմոդոդովոյի» տարածքն ու գնալ հյուրատներ

Տևական ժամանակ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող հայաստանցիները հրաժարվում են իրենց առաջարկվող հյուրատներից ու անգամ սննդից: Դեսպան Տողանյանը դարձյալ տեսակապի միջոցով զրուցել է նրանց հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Առաջիկա 4 օրերին Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։

«Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը: Դեսպանը հորդորել է քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում»,- հայտնում է դեսպանությունը։

Դեսպանատան հաշվարկներով «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին 135 ՀՀ քաղաքացի կա:

Նրանք հրաժարվում են հետևել դեսպանատան հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության տրամադրած սննդից։

Ամեն ինչ փակ է, գործ չկա. ինչու են ՀՀ քաղաքացիները շարունակում սպասել «Դոմոդեդովոյում»

Հիշեցնենք` ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով հայրենիք վերադարձան 230 քաղաքացի, որոնցից 201-ի մեկնումը կազմակերպվել էր անվճար։ Ապրիլի 6- ին և 7-ին կազմակերպված չարտերային չվերթերով Հայաստան էր վերադարձել 400-ից ավելի քաղաքացի:

Նշված չվերթերով Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիներն անմիջապես օդանավակայանից տեղափոխվել են մեկուսացման հատուկ վայրեր՝ 14-օրյա կարանտինային պարտադիր ռեժիմում անցկացնելու համար։

Ե՞րբ մեր հայրենակիցները կկարողանան ՀՀ վերադառնալ․ պարետատունը ժամկետներ է նշել