Մարալիկում վարակակիրների թիվն ավելացել է. քննարկվում է համայնքը «փակելու» հարցը

Ոստիկանությունը խստացված հերթապահություն է իրականացնում համայնքում:  Այս պահին ուսումնասիրվում է Մարալիկում տեղաշարժի սահմանափակման հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 8 նոր դեպք: Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-14–ին կատարված նմուշառումների արդյունքում Մարալիկ քաղաքի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Որոշվել էր հաստատության բոլոր՝ ավելի քան 60 աշխատակիցների նմուշառում իրականացնել: 

«Երեկ ուշ երեկոյան ստացանք նմուշառումների արդյունքները. նրանցից 8-ի մոտ դրանք դրական էին, ինչը նշանակում է, որ այս պահին Մարալիկում ունենք 18 դրական դեպք: Հաստատված դեպքերի քանակը Մարալիկի ու հարակից Ձորակապ բնակավայրի տեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում»,- ասաց Պետրոսյանը` նշելով, որ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, իսկ ավելի քան 40 կոնտակտավոր անձ մեկուսացման մեջ է:   

Նշենք, որ այս պահին Մարալիկի առողջության կենտրոնում աշխատանքները 2 շաբաթով դադարեցնելու որոշում կա: Առողջության կենտրոնի այն հիվանդները, որոնց թեստերի պատասխանը դրական է եղել, տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը մարալիկցի էր. մանրամասներ

«Տեղափոխվածների առողջական վիճակը բավարար է` բացառությամբ մեկի: Մեկուսացված են նրանց հետ շփման մեջ գտնվող անձիք, ինքնամեկուսացման ցուցումները շարունակաբար տրվում են»,- նշեց մարզպետը։

Այս պահին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատանքներ է իրականացնում Մարալիկում, իսկ ՀՀ ԱԻ նախարարությունն այսօր ախտահանում կիրականացվի կենտրոնի տարածքում: 

Ակտիվորեն աշխատում է Մարալիկի շտապ բուժօգնության ծառայությունը, բայց անհրաժեշտության դեպքում աշխատանքներին կմիանան նաև Գյումրու և Արթիկի շտապ բուժօգնության ծառայությունները: Այս փուլում քննարկվում է բնակավայրի տեղաշարժի սահմանափակման հարցը:

«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան

«Հենց հիմա մենք պարետատան հետ աշխատում ենք այս ուղղությամբ, այստեղ կա մեկ խնդիր. M1 ճանապարհն անցնում է Մարալիկ և Ձորակապ բնակավայրի միջով, փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով` գտնել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը։ Երբ որոշումը կայացվի, պարետատունը հանդես կգա հայտարարությամբ»,– ասաց մարզպետը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է այս պահին Գյումրի-Երևան տանող ճանապարհին:

«Ով կորոշի Գյումրի-Երևան գնալ Արմավիրով կամ Արթիկ-Ապարան ճանապարհահատվածով, ճանապարհները բաց են նույն ռեժիմով, ինչ գործում էր: Ամեն դեպքում կքննարկվի ամենաարդյունավետ տարբերակը Մարալիկով տեղաշարժը սահմանափակելու դեպքում: Այս պահին, մինչ պարետի վերջնական որոշումը ոստիկանական հերթապահությունն իրականացվում է խստացված ռեժիմով»,– նշեց Պետրոսյանը:

Հավելենք, որ այս պահին Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 37 մարդ կա։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Շիրակի մարզպետի հավաստմամբ, ունի մինչև 100 հիվանդի սպասարկման հնարավորություն:

Հիշեցնենք՝ անցնող մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք: Առողջացումով դուրս են գրվել 121 քաղաքացի։ Վարակվածների թիվը հասել է 1248–ի, մահացածներինը` 20-ի։

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածը կին է