Կորոնավիրոսի պայմաններում Ադրբեջանն ավելի շատ է խախտում հրադադարի ռեժիմը

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1800 կրակոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik.Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արցախա–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցների թիվն այս շաբաթ, նախորդի համեմատ, 1/3-ով ավելացել է։

«Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշենք, որ նախորդ շաբաթ՝ ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր շուրջ 1200 կրակոց: