«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիվանդության տարածման տեմպի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել ու նաև ասել՝ ինչ անել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը Հայաստանում այս պահին 17 օր է:

«Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին` 5000 դեպք»,- կանխատեսել է Թորոսյանը:

Նախկինում հիվանդության կրկնապատկման տեմպը Հայաստանում 7-օրյա պարբերականություն ուներ, ինչը նշանակում է, որ սահմանափակումների շնորհիվ հաջողվել է նվազեցնել հիվանդության տարածման արագությունը:

«Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով»,- գրել է Թորոսյանը:

Հիշեցնենք՝ անցնող մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք: Առողջացումով դուրս են գրվել 121 քաղաքացի։

Վարակվածների թիվը հասել է 1248–ի, մահացածներինը` 20-ի։