Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը. տեսանյութ

Արարողությունը սկսվեց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների երթով։ Տաճարի դարպասների բանալին ևս տանում էր հայկական եկեղեցու աբեղան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այսօր Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը։

Հազար տարվա ընթացքում առաջին անգամ Բարեբեր կրակի օրհնության արարողությունն անցնում է փակ դռների հետևում։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով արարողությանը ներկա չեն Երուսաղեմի քրիստոնեական համայնքների հավատացյալներն ու ուխտավորները։ Փակ են ոչ միայն եկեղեցու դռները, այլև մոտակա փողոցներից հրապարակ տանող դարպասները։

Արարողությունը մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների երթով։ Եկեղեցականները բացեցին Հարության տաճարի դարպասները։

Հարկ է նշել, որ այս տարի տաճարի բանալին լուսարարապետի ուղեկցությամբ տանում էր հայկական եկեղեցու աբեղան։

Հայաստանյան եկեղեցիներում ևս կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում

Բարեբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ առաքյալ Պետրոսը, և այն սրբություն է համարվում հավատացյալների համար։ Զատկի նախօրեին պատրիարքի, հոգևորականության և հազարավոր ուխտավորների աղոթքով կրակի վառվելը համարվում է «բարեբեր կրակի` երկնքից իջնելու հրաշք»։

Ուղղափառ եկեղեցիների հավատալիքի համաձայն` հրաշագործ կրակն «իջնում է երկնքից» հույն պատրիարքի ձեռքերի մեջ, և նա հայկական եկեղեցու պատրիարքի հետ այն բաժանում է տաճարի շուրջը հավաքված հավատացյալներին։

Այժմ Բարեբեր կրակը կհասցնեն Հին քաղաքի Յաֆֆյան դարպասների մոտ և կբաժանեն այն երկրների դիվանագետներին, որոնց բնակչության հիմնական մասն ուղղափառություն է դավանում։

«Նման բան մեր եկեղեցում դեռ չէր եղել». Ծաղկազարդին հավատացյալները մասնակցում են «վիրապից»