Ողջաբերդում թաղված խորհրդային թունաքիմիկատները կարող են ոչնչացվել ցեմենտի գործարաններում

ՀՀ ԱԺ-ը քննարկում է Հայաստանը վտանգավոր թափոններից մաքրելու, դրանք ոչնչացնելու հարցը: Շրջակա միջավայրի նախարարը հայտնեց, թե ինչ ուղիներ են քննարկվում կառավարությունում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik.Հայաստանից վտագնավոր թափոնները դուրս են բերվում բացառապես օդային ճանապարհով՝ դեպի Ռուսաստան: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում ասաց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը՝ «ԵԱՏՄ տարածքում վտանգավոր թափոնների տեղափոխման մասին միջպետական համաձայնագիրը» քննարկման ներկայացնելով:

Վերակառուցման և զարգացման բանկը Հայաստանին 13.4 մլն եվրոյի վարկ կտրամադրի, կշահեն մարզերը

«Դուք գիտեք, որ Վրաստանը ցամաքային ճանապարհով թույլ չի տալիս վտանգավոր թափոնների տեղափոխումն իր տարածքով, և տվյալ դեպքում դա իրականացվում է օդային ճանապարհով: Իսկ այս համաձայնագիրը, որը մենք այսօր քննարկում ենք վերաբերում է ԵԱՏՄ մեկ անդամ պետությունից մյուս անդամ պետություն տեղափոխելուն: Իսկ ոչ անդամ երկրների տարածքով տեղափոխումն իրականացվում է 1989թ.-ին ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ընդունված բազելյան կոնվենցիայով»,- ասաց Սանդիկովը:

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ պարզաբանեց, որ Հայաստանում ներկայում կան խորհրդային տարիներից մնացած վտանգավոր թափոններ, որոնք թաղված են Ողջաբերդի թունաքիմիկատների գերեզմանոցում: Դրանք, Գրիգորյանի խոսքով, շուրջ 1000 տոննայի կարգի են:

«Նախատեսվում է, որ դրանք կարող են տեղափոխվել եվրոպական որևէ գործարան՝ ոչնչացման համար: Սակայն այս պահին դիտարկվում է նաև Հայաստանում գործող ցեմենտի գործարաններից մեկում այդ գործընթացն իրականացնելու տարբերակը: Մենք պատվիրել ենք շվեդական խորհրդատվական ընկերությանը ուսումնասիրություններ կատարել, որի արդյունքները մեզ ներկայացրել է արդեն» ,- ասաց Գրիգորյանը:

Նախարարը հայտնեց, որ քննարկվում է նաև թունաքիմիկատներն Իրան տեղափոխելու և տեղի գործարանում ոչնչացնելու հարցը, որն, ըստ նրա կարող է ավելի մատչելի տարբերակ լինել:

Ինչպես «կառավարել» աղբը, կամ կենցաղային մշակույթը պետք է ուսուցանել մանկուց

Ինչ վերաբերում է քննարկվող համաձայնագրին, Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանը չունի արտադրական թափոնների պահման պալիգոն, ուստի բոլոր թափոնները մինչ օրս  տեղադրվել են կա՛մ աղբավայրերում, կա՛մ չնախատեսված այլ վայրերում: Ուստի կառավարությունը ծրագրում է Հայաստանում վտանգավոր թափոնների պահման հատուկ պալիգոններ կառուցել:

Ողջաբերդում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976 թվականին՝ Ջրաշեն, Գեղանիստ և Մուշավան գյուղերի հարեւանությամբ, սողանքային գոտում:

«Ապրելու ենք անաղբ հայրենիքում». Կոտայք–Գեղարքունիք աղբավայրը վերջապես կկառուցվի՞

2010 թ-ին բնապահպաններն ու լրատվամիջոցներն ահազանգեցին, որ սողանքների հետևանքով գերեզմանն ավիրվել է ու տասնամյակներ առաջ այստեղ լցված թունաքիմիկատները հայտնվել են դրսում: Երկարատև պայքարից հետո ՀՀ իշխանությունները՝ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ կառուցեցին նոր բետոնապատ շինություն, որտեղ ժամանակավոր տեղադրվեցին տարածքում առկա շուրջ 1000 տոննա կայուն օրգանական վտանգավոր  քիմիկատները: