Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլսից Հայաստան են ժամանում երեք սկաուտապետներ ՝ Վահան Չերազին, Օնիկ Յազմաճյանը և Տիգրան Խոյանին։ Նախարարը նրանց հրավիրել էր նոր–նոր արհավիրքներից շունչ քաշող երկրում սպորտին զարկ տալու, զարգացման ծրագրեր իրագործելու համար։ Կոստանդնոպոլսում 1918 թվականին ստեղծվել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, որտեղ այս մարդիկ իրենց ներդրումն էին ունեցել:
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Sputnik Արմենիային հետաքրքիր մանրամասներ է պատմել 20-րդ դարասկզբին հայկական սպորտի կայացման և հիմնադիրների մասին։
Մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հասատատումը մեր հանրապետությունում արդեն կատարվել էին քայլեր, որոնք նպաստել էին սպորտի հետագա զարգացմանը։
«20-րդ դարի սկզբին, երբ Հայաստանը գտնվում էր պատերազմական վիճակում, ու օրական զոհերի թիվը հարյուրների էր հասնում, միամիտ կլինի խոսել հայկական սպորտի զարգացման մասին: Բայց, այնուամենայնիվ, մենք ունենք տվյալներ, որ Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) գավառում հայկական սպորտի զարթոնք է եղել: Այդպիսի պայմաններում նույնիսկ պետական աջակցություն է եղել մարմնակրթության գործընթացը զարգացնելու համար»,- ասում է Հայկ Դեմոյանը:
Իսկ նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Հայաստան եկած Վահան Չերազը, Օնիկ Յազմաճյանն ու Տիգրան Խոյանը, որոնք հատկապես որբանոցներում մարմնակրթական գործը հավուր պատշաճի կազմակերպելու փորձ ունեին, մեծ ներդրում ունեցան հանրապետությունում սպորտի կայացման հարցում։
Դեմոյանը պամում է, որ Ալեքսանդրապոլում մասնավորապես, և Հայաստանում ընդհանրապես հրավիրված սկաուտապետներն ազատ տեղաշարժվելու հատուկ թույլատվություն ունեին, հաճախ էլ նրանց անվտանգությունն ապահովելու համար երեքին էլ ուղեկցում էին ոստիկանները: ՀՀ այն ժամանակվա կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը ամեն կերպ փորձում էր աջակցել հրավիրված սկաուտապետներին:
«Վահան Չերազն Ալեքսանդրապոլում շատ արագ կազմակերպեց սկաուտական խմբերը: Մյուսներն աշխտում էին Երևանում, Ղարաքիլիսայում (ներկայիս` Վանաձոր): Կազմակերպվեցին կիսամարզական ու սկաուտական խմբեր, որոնք շատ մեծ նշանակություն ունեցան մասնավորապես ողբալի վիճակում գտնվող որբանոցների երեխաների համար: Որբանոցների սպորտային թիմերի միջև սկսեցին մրցաշարեր անցկացնել, նույնիսկ ունեին իրենց ռեկորդները»,–պատմում է Դեմոյանը և հավելում, որ թեպետ հիմնականում աթլետիկայի մրցումներ էին, բայց կան տվյալներ, որ ֆուտբոլային հանդիպումներ նույնպես անցկացվել են: Իսկ առաջին խաղի հետ կապված, նույնիսկ տվյալներ կան, որ այն ավարտվել է ծեծկռտուքով:
Մարմնակրթություն, կարգապահություն և առողջ ապրելակերպ`սա էր Չերազի ու նրա համոխոհների կարգախոսը: Պետականաշինության ու Հայաստանի ապագան կառուցելու համար առողջ մարդիկ էին հարկավոր: Սա էր հիմնական նպատակը։
«Որբերը սկսեցին մարզվել ամեն օր, մարզումները պարբերական բնույթ էին կրում, և դա գայթակղիչ երևույթ դարձավ բոլորի համար: Այդ տարիներին առողջ տղամարդիկ տարբեր ճակատներում պատերազմի էին մասնակցում, իսկ առողջ սերունդ դաստիարակելը դարձավ Վահան Չերազի ու նրա գործընկերների հիմնական նպատակը»,- ասում է Դեմոյանը:
Նրա խոսքով` մեծ գործ կատարվեց մի քանի տարիների ընթացքում: Որբերը կարծես թե երկրորդ անգամ կյանք ստացան: Ինչ-որ տեղ հենց այդ քայլերը պետք է համարել հայկական սպորտի ստեղծման հիմքը:
«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները
1921-22 թվականին` Հայաստանի խորհրդայնացումից հետո, երկրում արդեն կային մարզական գործնեություն ծավալող լուրջ խմբեր, որոնց համար հիմք էին ծառայել սկաուտապետերի մարզած պատանիները։ «Ի վերջո ովքեր էին պիոներները: Սկաուտներն էին: Սկաուտությունն ուղղակի քսանականների սկզբում համարվեց բուրժուական, նույն վզկապը պարզապես դաձավ կարմիր, իսկ սկաուտը սկսեց կոչվել պիոներ: Նույնը եղավ նաև սպորտում: Որբանոցներից դուրս եկած շատ մարդիկ պատվով ու հաջողություններով ներկայացրեցին հայկական սպորտը»,–պատմում է Դեմոյանը:
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում
Հայաստանը խորհրդային հռչակելուց հետո փոխվեց պետական գաղափարախոսությունը: Փոխվեց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, որոնք ազգանվեր գործով էին զբաղվում: Բոլշևիկների առաջին զոհերից մեկն էլ դարձավ Վահան Չերազը, որին ձերբակալել են 1927 թվականին, իսկ 1928 թվականի հունվարի 9-ին գնդակահարել Թիֆլիսում: