«Մինչ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համավարակին». Փաշինյան

Մինչ այժմ կորոնավիրուսով հիվանդների համար հատկացված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը գրեթե միշտ թափուր է եղել։ Ըստ Փաշինյանի՝ սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակում է մնալ կառավարելի։

ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց

Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1201 դեպք, 402 մարդ առողջացել է, 19–ը` մահացել։  Մահացածների միջինը տարիքը 72,5 է, բոլորն ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Հանրապետությունում բուժում է ստանում 780 քաղաքացի, մեկուսացված է 1700, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 քաղաքացու համար։

Վարչապետն այս թվերը ներկայացնելուց հետո նշեց, որ մինչ այժմ կորոնավիրուսով հիվանդների համար հատկացված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը գրեթե միշտ թափուր է եղել։ Ըստ նրա՝ սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է։

«Առնվազն մինչև այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ պետությանը հաջողվել է արժանապատիվ պայմաններ ստեղծել մեկուսացված քաղաքացիների համար, և Հայաստանի օրինակն ի ցույց է դրվում աշխարհի տարբեր երկրներում։

«Մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երևույթ, ինչը, ցավոք, արձանագրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում»,- ասաց վարչապետը։

Նա շնորհակալություն հայտնեց ինչպես տեղացի գործարարներին, այնպես էլ Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի գործընկերներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ բնականոն շարունակել բեռնափոխադրումները։