Կաթողիկոսը ՀՀ քաղաքացի է և ունի այն բոլոր իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները. Միրզոյան

ԱԺ նախագահն անդրադարձել է Գարեգին Երկրորդի հայտարարությունից հետո Հայ Առաքելական եկեղեցու և պետական քաղաքական գործիչների միջև սկսված հեռակա բանավեճին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին հայտարարությանը:

«Պետությունն ու եկեղեցին անջատ են ու չպիտի խառնվեն իրար ներքին գործերին, բայց կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որ ունեն ՀՀ մնացած բոլոր քաղաքացիները»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց նաև, որ կաթողիկոսի հայտարարության վերաբերյալ ինքն էլ, անշուշտ, ունի, բայց չի ցանկանում հայտնել՝ թեմայի շուրջ նոր մեկնաբանությունների առիթ չտալու համար:

Սուրենյանց. «Հոգևոր ու քաղաքական իշխանությունների միջև այս բանավեճը լավ բանի չի հանգեցնի»

Հիշեցնենք՝ ապրիլի 14–ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել էր ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով։ Կաթողիկոսը կարևորել էր համավարակի տարածման շրջանում Քոչարյանի առողջական վիճակը հետագա բարդացումներից ապահովելու անհրաժեշտությունը:

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել էր Գարեգին Բ–ի հայտարարությանը` նշելով, որ կառավարությունը չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը ապրիլի 15-ին հայտարարություն էր տարածել` հորդորելով չքաղաքականացնել Գարեգին Բ–ի հայտարարությունը, որի մի հատվածը վերաբերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: