ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու Սիրիայի վերականգնողական գործընթացներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Տեղեկությունը տրամադրել է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայերն այս դժվար պահին մեր կողքին են». ՀՀ հումանիտար խումբը օգնել է Հալեպի հոսպիտալին

«Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության  ոգին։ Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակցությունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մարդասիրական առաքելության գործունեությունն է: Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,–նշել է վարչապետը: 

Փաշինյանը հույս է հայտնել, որ Սիրիան կհաղթահարի առկա ճգնաժամը և կթևակոխի առաջընթացի և զարգացման նոր փուլ: «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը՝ նպաստելու վերականգնողական գործընթացներին»,–գրել է նա։     

Վերջում ՀՀ վարչապետը Սիրիայի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:

Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ

Նշենք, որ հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարուց ավելի է` Սիրիայում առաքելություն է իրականացնում: Խմբի ներկայացրած հաշվետվության համաձայն` 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ն ականազերծողներն այդ երկրում մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք։

Հումանիտար խմբի բժիշկները մեկ տարվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել ռազմական գործողությունների հետևանքով տուծած 10 114 մարդու։ Նրանք նաև պարբերաբար անհրաժեշտ դեղորայք են տրամադրել Հալեպի հոսպիտալին ու կազմակերպել ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության դասընթացներ տեղի բնակչության համար։