ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում, սակայն «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել` հուսալով, որ կկարողանան մեկնել հայրենիք։
Երեկ Sputnik Արմենիան տեսանյութ էր հրապարակել Մոսկվայի օդանավակայանից, և կադրերում երևում էր` ինչպես են մի քանի տասնյակ տղամարդիկ հավաքվել մեկի շուրջը, որը տեսակապով զրուցում էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ։
Այսօր Հայաստանի դեսպանատունը հայտարարեց, որ տասնյակ քաղաքացիներ դեռ օդանավակայանում են, նրանք հրաժարվել են հետևել բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից
Դեսպանատան տվյալներով` ցերեկը 100–ից ավելի մարդ է հավաքվում, իսկ գիշերը` մոտ 25-30։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանի մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ փորձում են կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով հայրենիք վերադառնալ։
Ջամբազյանը նշել է, որ քաղաքացիներից շատերը ֆինանսական խնդիրների են բախվել, դժվար վիճակում հայտնվել։
«Կան մարդիկ, որոնք ընտանիքի հետ վերամիավորվելու խնդիր ունեն, կամ բուժման համար հրատապ մեկնելու հարց է ծագել, ոմանց մոտ բիզնեսն է «փլվել», ոմանք այս պահին բնակարանի վարձը վճարելու գումար չունեն», – ասել է նա։
Ավիահաղորդակցության սահմանափակման պատճառով այս մարդիկ այժմ չեն կարողանում Հայաստան վերադառնալ։
Նա նշել է, որ դեսպանատունն արդեն երեք չարտերային չվերթ է կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների աջակցությամբ։
«Քանի որ գործընթացը (հայրենիք վերադառնալու. խմբ.) երկարում է, դժվար իրավիճակում հայտնված, Հայաստան շտապ մեկնելու կարիք ունեցող համաքաղաքացիների թիվն աստիճանաբար ավելանում է», – նշել է Ջամբազյանը։
Նրա խոսքով` դեսպանատունն ու հայկական կազմակերպությունները հնարավոր ամեն բան անում են նման իրավիճակում հայտնված մարդկանց խնդիրները լուծելու համար, նրանց տեղավորում են հյուրանոցներում, հյուրատներում։
Միևնույն ժամանակ կան նաև մարդիկ, որոնք շարունակում են մնալ օդանավակայանում, «փորձում են հերթապահել»` հուսալով, որ վերջին պահին չվերթ կկազմակերպվի։
«Մենք տեղեկություն չունենք, որ հնարավոր կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում նման չվերթ համաձայնեցնել։ Մենք, իհարկե, աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց առաջիկա շաբաթվա համար տվյալներ չկան։ Կփորձենք օգնել մեր հայրենակիցներին, սակայն յուրաքանչյուր թռիչք, յուրաքանչյուր չարտերային չվերթ կազմակերպելը քրտնաջան աշխատանք է, որը մի շարք համաձայնեցումներ է պահանջում», – պարզաբանել է դիվանագետը։
Նա շնորհակալություն է հայտնել «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակազմին, քանի որ ըմբռնում են վերաբերվում իրավիճակին և մարդկանց մինչև հիմա թույլ են տալիս մնալ սպասման գոտում։ Դիվանագետը նաև երախտագիտություն է հայտնել այն սփյուռքահայերին, որոնք սեփական դժվարություններն ունենալով` օգնություն են առաջարկում այս բարդ պահին։
«Շատերը, որոնք գուցե իրենք աջակցության կարիք ունեն, օգնության ձեռք են մեկնում։ Ասում են. «Ես բնակարանում եմ ապրում, կարող եմ ապաստան տալ, սա էլ` հեռախոսահամարը, դիմեք»։ Բացի այդ շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր վտանգելով սեփական առողջությունը` օգնություն են ցուցաբերում, գնում են ու համոզում մեր քաղաքացիներին լքել օդանավակայանը, որպեսզի նրանք չվտանգեն իրենց և չմնան այնտեղ սպասելու», – ասել է Ջամբազյանը։
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվա–Երևան 3 հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել ավելի քան 630 ՀՀ քաղաքացի։ Չվերթերը հնարավոր էր եղել կազմակերպել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատանքի շնորհիվ։ Թռիչքներն իրականացրել է Red Wings ավիաընկերությունը։ Մի քանի հարյուր ուղևորի անվճար տոմս է տրամադրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շնորհիվ։