Ե՞րբ մեր հայրենակիցները կկարողանան ՀՀ վերադառնալ․ պարետատունը ժամկետներ է նշել

ՀՀ պարետը հայտնել է, որ մի քանի օրից աշխատանքներ կտարվեն Մոսկվայում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի- Sputnik. Ապրիլի 19-23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Պարետատան մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դրանից հետո աշխատանքներ կտարվեն նաև Մոսկվայում մնացած մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար՝ «գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ»:

Էլեկտրոնային հարցաթերթիկ է ստեղծվել` ՌԴ–ից հայրենիք վերադառնալ ցանկացողների համար

Պարերատունը տեղեկացնում է, որ Արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր չէ անմիջապես ապահովել նրանց բոլորի հայրենիք վերադարձը։

«Առաջացած բարդությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ բոլոր վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորություններով, օդային տարածքների արգելքներով և կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներում տեղաշարժվելու առողջապահական ռիսկերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպի Երևան չվերթ դեռ չի լինի. դեսպանատան խորհրդականը` Դոմոդեդովոյում տիրող իրավիճակի մասին

Նշենք որ մարտի 14-ից ապրիլի 17-ը հայրենիք է վերադարձել 21206 ՀՀ քաղաքացի: Պարետատունը տեղեկացնում է, որ սա շարունակական է լինելու, իսկ այն դեպքերում, երբ հնարավոր չէ անմիջապես կազմակերպել քաղաքացիների վերադարձը, ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները տեղում ՀՀ քաղաքացիների կարիքները, այդ թվում՝ կեցությունը հոգալու համար։