Միսակ Լազարյանին դեռ չեն արտահանձնի. փաստաբանը պարզաբանել է իրավիճակը

Հայազգի ՌԴ քաղաքացին մեղադրվում է Ռուսաստանում սպանություն կատարելու մեջ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս պատմությունն ավելի վաղ բուռն քննարկումների առիթ էր դարձել հայկական ԶԼՄ–ներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի –Sputnik.Հայաստանի իրավապահ մարմինները Ռուսաստանի քաղաքացի Միսակ Լազարյանին առայժմ չեն արտահանձնի։ Փաստաբան Արկադի Գևորգյանի խոսքով` արտահանձնման հետաձգումը պայմանավորված է երկու գործոններով։ Նախ` Լազարյանն ավելի վաղ ապաստան էր խնդրել ՀՀ իշխանություններից․ հարուցված վարչական վարույթն այժմ կասեցվել է  կորոնավիրուսի պատճառով։

ՌԴ-ն արտահանձնում է «Ալրաղացի Լյովիկին»

«Բացի այդ Հայաստանում Լազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել նաև «կեղծ փաստաթղթեր օգտագործելու» հոդվածով։ Այժմ նախաքննություն է ընթանում, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս պայմաններում արտահանձնումն անհնար է», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց փաստաբանը։

2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը Ռուսաստանում կասկածվում է 2011 թվականի դեկտեմբերին Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում ծեծկռտուքի ժամանակ ադրբեջանցու սպանության համար։ Փախուստի դիմած հայն ու նրա հարազատները չեն ընդունում մեղադրանքը և պնդում են, որ Լազարյանը չի սպանել ադրբեջանցուն։

Վերջերս Լազարյանին կալանավորել էին Հայաստանում, և խոսակցություններ կային, որ հնարավոր է՝ նրան արտահանձնեն։

Սակայն այժմ հայտնի է դարձել, որ նրան ազատել են մեկուսարանից։ Պաշտպանը դեռ դժվարանում է ասել, թե Հայաստանում քրեական նոր գործի քննությունն ինչ ուղղությամբ կընթանա։

«Արտահանձման հարցին կարող ենք վերադառնալ միայն բոլոր ընթացակարգերի ավարտից, այսինքն՝ նոր գործի վերաբերյալ դատարանի վճռից հետո։ Պետք չէ մոռանալ նաև ապաստան հայցելու վերաբերյալ վարչական վարույթի մասին։ Այդ հարցով զբաղվում է միգրացիոն ծառայությունը, սակայն այսօր համավարակի պայմաններում այն հետաձգվել է», – նշեց Գևորգյանը։

ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. ինչ է իրականում տեղի ունեցել. դեսպան

Լազարյանի հետ կապված պատմությունը մի քանի շաբաթ առաջ մեկնաբանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Facebook–ում իր ուղիղ եթերի ժամանակ նա ասաց, որ այդ թեմայի շուրջ զրուցել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Եվ եթե պարզվի, որ իրականում Լազարյանը մեղավոր չէ, և նրա քրեական հետապնդումն անարդար է, ապա Հայաստանի իշխանությունները կկարողանան նրան օգնել։