ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Արարատի մարզի Նորաշեն համայնքում 3-4 օր առաջ 54-ամյա մի տղամարդ է մահացել, որի տղայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացող տղամարդը սրտի անոթների խնդիր է ունեցել և վիրահատության կարիք։ Նա Ռուսաստանից Հայաստան է եկել, որպեսզի վիրահատվի, սակայն օրեր առաջ սրտի կաթվածից մահացել է։
Նրա որդին այս ընթացքում մեկուսացված է եղել և հոր թաղմանը մասնակցել է խիստ հսկողությամբ, կարճ ժամանակով։ Տղային շտապօգնության մեքենայով` բժշկի ու ոստիկանի ուղեկցությամբ են հոր վերջին հրաժեշտին բերել։ Արարողությանը ներկա գտնվողներին զգուշացրել են նրանից 2 մետր հեռավորություն պահել, բայց տղան գրկախառնվել է մոր ու մտերիմ հարազատների հետ։
Տղայի մոտ երկու օր հետո կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մեր տեղեկություններով` համայնքում արդեն իսկ կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել։
Նորաշեն համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ համայնքում, չնայած մեկուսացմանը, իրավիճակը հանգիստ է։ «Մարդիկ ըմբռնումով են մոտենում իրավիճակին, խուճապ չկա, և յուրաքանչյուրն իր գործին է անցել»,–ասաց Հարությունյանը` հավելելով, որ խանութները նորմալ աշխատում են, մթերք ստանում են։
Կորոնավիրուսի դեմ պայքարող 9 բուժհաստատություն կազատվեն մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձից
Համայնքի Ավետիք Իսահակյանի անվան դպրոցի տնօրեն Աննա Ազատյանն էլ հայտնեց` այսօր Նորաշենի երեք ընտանիքի են մեկուսացման վայր տեղափոխել։ Տնօրենն այժմ ճշտում է` մեկուսացված ընտանիքների մեջ կա՞ն դպրոցականներ, քանի որ դասապրոցեսը հիմա հեռավար է, և պետք է հասկանան` ովքեր են մասնակցում և դուրս մնում դրանից։
Ի դեպ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ Նորաշեն համայնքում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8–ն է։ Համայնքում կորոնավիրուսից մեկ մահվան և մեկ ապաքինման դեպք է արդեն գրանցվել։
Բժիշկները հայտնել են կորոնավիրուսի անսովոր ախտանիշի մասին. թիրախում նաև դեռահասներն են
Հիշեցնենք՝ պարետի որոշումը, որ Նորաշեն համայնք ելք ու մուտքերը պետք է արգելվեն, ուժի մեջ է մինչև ապրիլի 16–ի կեսգիշերից։