ՀՀ քաղաքացիները չեն լքում «Դոմոդեդովոն». դեսպանատունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հերթական անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։

«Այս առնչությամբ այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝ խախտելով Մոսկվայում և Մոսկվայի մարզում սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, օդանավակայանի համապատասխան ծառայություններն այս օրերին արձանագրել են սահմանված կարանտինային ռեժիմի դրույթների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք մեծամասամբ կապված են սոցիալական հեռավորություն չպահպանելու և առողջապահական անվտանգության այլ միջոցառումներ չիրականացնելու հետ։

Ելնելով վերոնշյալից և հնարավոր վարչական պատասխանատվության կիրառումը բացառելու անհրաժեշտությունից՝ օդանավակայանի ղեկավարությունն իր խնդրանքն է փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ հերթական անգամ հորդորելու ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։

«Այս առումով կրկին խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից»,-հորդորում է դեսպանությունը։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել էր «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, որոնք նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։

Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ առաջիկայում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։

Հիշեցնենք ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով հայրենիք վերադարձան 230 քաղաքացի, որոնցից 201-ի մեկնումը կազմակերպվել է անվճար։

Ավելի վաղ՝ ապրիլի 6- ին և 7-ին կազմակերպված չարտերային չվերթերով 400-ից ավելի քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Հայրենիք վերադառնալու համար դեսպանությունում ցուցակագրվածների թիվը, սակայն, գրեթե 2000 էր։

Հիշեցնենք, որ նշված չարտերային չվերթերով Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիներն անմիջապես օդանավակայանից տեղափոխվել են մեկուսացման հատուկ վայրեր՝ 14-օրյա կարանտինային պարտադիր ռեժիմում անցկացնելու համար։