«Միասին կհաղթահարենք ամեն ինչ», կամ ռեստորանների պատասխանը կարանտինին

Ամբողջ երկիրն ասես շունչը պահած սպասում է սովորական կյանքին վերադառնալուն։ Ոմանց համար մեկուսացումը դժվար է անցնում, ոմանք էլ ստեղծագործում են` բարձր տրամադրություն պարգևելով և՛ իրենց, և՛ ուրիշներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանում մարտի 24-ից արտակարգ դրության ռեժիմ է։ Պարետի որոշմամբ երկրում փակվել են բոլոր մշակութային ու ժամանցային հաստատությունները։ Բայց կան մարդիկ, որոնք հումորով ու ստեղծագործաբար են մոտենում նույնիսկ այս իրավիճակին և ուրախացնում են իրենց ու շրջապատի մարդկանց։

Ռեստորաններից, սրճարաններից ու հագուստի խանութներից շատերը հարմարվել են ու սկսել են առաքումով աշխատել։ Գործարարներից ոմանք սպասում են կառավարության օգնությանը։ Արդեն հայտարարվել է, որ կառավարությունն արտակարգ դրության ռեժիմի պատճառով տուժած բիզնեսի ու ստարտափների համար աջակցության մի քանի փաթեթ է պատրաստել։

«Միասին կհաղթահարենք ամեն ինչ», կամ ռեստորանների պատասխանը կարանտինին

«Կովկասի գերուհի» ռեստորանը մայրաքաղաքի կենտրոնում է։ Նույնիսկ կարանտինի ժամանակ այս փողոցով օրական տասնյակ մարդիկ են անցնում։ Հաստատ բոլորը ժպտում են, երբ տեսնում են ռեստորանի փակ դռներին փակցված նոր գրությունները` հայերեն և ռուսերեն լեզուներով։

«Մենք սիրում ենք ձեզ», «Շուտով նորից միասին կլինենք», «Պատրաստվում ենք ձեզ հետ հանդիպմանը», «Ես+ Դու = Համով»։

«Միասին կհաղթահարենք ամեն ինչ», կամ ռեստորանների պատասխանը կարանտինին

Կան նաև այսօր խիստ արդիական առողջության մաղթանքներ ու հարգանքներ բժիշկներին. «Խոնարհվում եմ քո առաջ, Բժիշկ», «Տանը մնացեք», «Տանը նստիր, ձեռքերդ լվա»։

Կամ էլ այդ երկու թեմաների խառնուրդը. «Ես քո հակավիրուսն եմ, դու իմ պատվաստանյութը»։

«Միասին կհաղթահարենք ամեն ինչ», կամ ռեստորանների պատասխանը կարանտինին

Նշենք՝ հայտնի այլ ռեստորաններ էլ են նման ակցիաներ անցկացնում։ Sputnik Արմենիային հայտնի է դարձել, որ սա ակցիա չէ, այլ հաստատությունների ղեկավարների կրեատիվ քայլ։

Ակնկալվում է, որ մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը կավարտվի։ Մինչ այդ ռեստորանների մշտական այցելուներին սփոփելու են ոչ թե համեղ ուտելիքները, այլ ուրախ ու հուզիչ գրությունները։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 15–ի դրությամբ 1111։ 17 մարդ մահացել է կորոնավիրուսից։

«Միասին կհաղթահարենք ամեն ինչ», կամ ռեստորանների պատասխանը կարանտինին

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Ապրիլի 11–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։