Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

Փաստաբանի հայտնած տեղեկություններով՝ Կճոյանն այդ գործով նախկինում որպես վկա չի հարցաքննվել և այս պահին հարցաքննվում է որպես մեղադրյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի ընդունում հայտնի օֆշորի գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։

Հերթը հասավ Նավասարդ Կճոյանի՞ն. ԱԱԾ մեղադրանք է առաջադրել եկեղեցու թեմերից մեկի առաջնորդին

«Սա արհեստական, շինծու գործ է: Այն չեղած հիմքերով ու փաստական տվյալներով քրեական հետապնդում է Կճոյանի նկատմամբ, որն անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն այս պահին հարցաքննվում է տվյալ քրեական գործով՝ որպես մեղադրյալ, մինչդեռ գործն ի սկզբանե հարուցվել էր առանց նրան՝ որպես վկա հարցաքննելու:
Տուժող կողմը ևս, ըստ Արսենյանի, մինչ այս պահը ցուցմունք չի տվել:

«Այսքան տարի իմ գործունեությամբ եղել եմ ընդդիմադիր դաշտում և իմ նպատակն է եղել՝ իրավական համակարգը քաղաքական, տնտեսական հարկադրանքից հեռու լինի և բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում մարդու անմեղությունը պարզվի։ Ես մեծ ցավ եմ ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը»,-նշեց Արսենյանը։

Վլադիմիր Գասպարյանը 900 մլն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

Sputnik Արմենիային հաջողվել էր պարզել, որ խոսքը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է։

Հիշեցնենք, որ 2013թ–ին մամուլը գրեց, որ Կճոյանի անունը կապված է օֆշորային գործարքի հետ։ Սրբազանը հերքեց մամուլում տարածված լուրերը` նշելով, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին: