ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ucom ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ընկերության տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը. տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին իր աղբյուրները։
Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը, սակայն, Sputnik Արմենիային հայտնեց, որ դեռ նշանակում չկա, նոր տնօրեն չկա։ «Մենք այժմ բանակցում ենք մյուս բաժնետերերի հետ` ընկերության մյուս բաժնեմասերը գնելու շուրջ»,–ասաց Բարսեղյանը։
Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա Առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:
Արա Խաչատրյանը սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Կոլումբիայի համալսարանում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում։ Նա նաև դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Ըստ լրատվամիջոցների`տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով։
Երեկ Ucom-ի բաժնետերերի խորհուրդը հայտարարություն տարածեց` նշելով, որ հիմնադիր բաժնետերերը խորհրդակցություն են հրավիրել և անդրադարձել ընկերության շուրջ վիճակին։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ընկերությունը շնորհակալություն է հայտնել Հայկ Եսայանին՝ հայկական տելեկոմի պատմության մեջ իր ներդրման համար և հույս հայտնել, որ վերջինս կշարունակի կիսել իր փորձառությունն ու կմնա համասեփականատեր։
Ucom-ի համար պատրաստ են ավելի քան 34 մլրդ դրամ վճարել. Եսայանների վերջնական առաջարկը
Դրան հաջորդեց մեկ այլ տեղեկություն, որ Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել։ «Քիչ առաջ comms@galaxygroup.am էլփոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որում նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»:Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամուլի հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլփոստից»,– նշված էր այդ հայտարարության մեջ:
Ucom–ը մեր թեժ գիծն է ստեղծել. Բաթոյանն անդրադարձավ ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին
Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: