«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ». շուտով որոշ ձեռնարկություններ կսկսեն աշխատել

Փաշինյանը կարևորեց կորոնավիրուսի պայմաններում ապրելու հմտությունների մշակումն ու յուրացումը ՀՀ հանրության կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունն ու պարետատունը քննարկում են ՀՀ որոշ արտադրական ձեռնարկություններ ապրիլի 20-ից հետո վերաբացելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսով պայմանավորված` 20 կալանավոր է ազատ արձակվել

«Մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, որովհետև այն կարող է մի տարի տևել: Մենք չենք կարող փակվել, ասել մենք մի տարի կարանտինում ենք»,- ասաց Փաշինյանը` կարևորելով կորոնավիրուսի պայմաններում ապրելու հմտությունների մշակումն ու յուրացումը ՀՀ հանրության կողմից:

«Կորոնավիրուսից հետո կյանքը արտադրամասերում, ռեստորաններում, համալսարաններում, դպրոցներում այլևս այն չի լինելու ինչ էր կորոնավիրուսից առաջ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ կառավարությունը հույս ունի, որ եղանակի տաքացման արդյունքում կորոնավիրուսի տարածումը կդանդաղի, բայց, նրա խոսքով, չի բացառվում, որ դա կտևի մինչև սեպտեմբեր:

Էրեբունու դատարանի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 15–ի դրությամբ 1111։ 17 մարդ մահացել է կորոնավիրուսից։

Կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Ապրիլի 11–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։