Քանի՞ մարդ է քվեարկել Արայիկ Հարությունյանի օգտին. ԿԸՀ–ն նախնական տվյալներ է հրապարակել

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 47 165 մարդ։ Անվավեր է ճանաչվել 1876 քվեաթերթիկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Արցախի նախկին վարչապետ (պետնախարար) «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը զգալի առավելությամբ հաղթեց Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որն անցկացվեց երեկ` ապրիլի 14-ին։

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն ՝ ընտրություններին մասնակցել է 47 165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 44,9 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 1876 քվեաթերթիկ։

Մարտի 31–ին կայացած ընտրությունների առաջին փուլից հետո մրցապայքարում էին մնացել Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Բոլոր 282 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Հարությունյանի օգտին քվեարկել է 39 860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5 428:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում Արայիկ Հարությունյանին օգտին քվեարկել էր ընտրողների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանի օգտին՝ 26,4%-ը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ արդեն շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։

Արայիկ Հարությունյանը պաշտոնը կստանձնի մայիսի 22-ին: