Օձունի օդանավակայանի երկինքն ամպամած է, փոքր ավիացիայի զարգացման ապագան՝ մշուշոտ

Օձունի օդանավակայանի երբեմնի ակտիվ աշխատանքի ու հետխորհրդային գործունեության մասին այսօր հիշեցնում են կանգուն մնացած միակ շինությունն ու լեգենդար կապավորների տնկած այգին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik, Նելլի Դանիելյան. Այն մասին, որ Լոռու մարզի Օձուն գյուղի հարակից դաշտում ժամանակին օդանավակայան է եղել, այսօր հիշեցնում է տարածքում պահպանված միակ շինությունը:

Շուրջ կես դար առաջ՝ 1971թ-ին, Օձունի օդանավակայանն ընդունել է իր առաջին չվերթը: Օդանավակայանի առաջին ու անդավաճան աշխատակիցները Աթարբեկյան ամուսիններն էին, որոնք այստեղ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը՝ ամեն օր հույսով նայելով երկինք ու սպասելով նոր, բաղձալի չվերթին:

Օձունի օդանավակայանի երկինքն ամպամած է, փոքր ավիացիայի զարգացման ապագան՝ մշուշոտ

Խորհրդային տարիներին Օձունից «Ան-2» ինքնաթիռներով կամ ինչպես ժողովուրդն էր կոչում՝ «Կուկուռուզնիկ»-ներով օրական 5-6 թռիչք էր լինում դեպի Երևան: Ժամանակ առ ժամանակ թռիչքներ էին լինում նաև դեպի հարևան Ստեփանավանի օդանավակայան: Դեպի Երևան տոմսն արժեր 4.5 ռուբլի, Ստեփանավանինը՝ 1,5: Իսկ Ստեփանավանից հնարավոր էր ոչ միայն Երևան, այլև Ռուսաստան թռչել:

Կապանի օդանավակայանի վերագործարկումը հետաձգվում է. կորոնավիրուսը խախտել է բոլոր պլանները

Արցախյան պատերազմի տարիներին Օձունի օդանավակայանի կապը ծառայում էր ղարաբաղյան շարժման ղեկավարների ու կամավորական ջոկատների միջև գաղտնի հաղորդակցությունն ապահովելու համար:

Աթարբեկյան ամուսիններն օդանավակայանը վերածվել էին կապի հանգույցի, ու այն դարձել էր ստրատեգիական կարևոր նշանակության օբյեկտ:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն ասաց, որ ՀՀ ներկա ղեկավարության՝ փոքր ավիացիայի զարգացման ծրագրերը Օձունի օդանավակայանին դեռ չեն հասել: 

«Օդանավակայանի վերագործարկման ծրագիր ներկա պահին չկա: Շենքը կա, տարածքն էլ, մեկը նայում է, տիրություն է անում, որ չվնասեն»,- ասաց նա:

Օդանավակայանի պահպանված շենքը կապավոր ծնողների հիշատակին նվիրված թանգարանի վերածելու՝ նրանց որդու ցանկությունը ևս, գյուղապետի խոսքով, դեռ իրականություն դառնալուց հեռու է: Օդանավակայանի մի հատվածում դեռ պահպանվում է նաև Աթարբեկյանների տնկած պտղատու այգին, որն այսօր նրանց որդու սեփականությունն է:

Պետրոսյան. «Այս իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել մեր ավիացիան, կամ ստեղծել նորը»

Օձունի օդանավակայանի երկինքն ամպամած է, փոքր ավիացիայի զարգացման ապագան՝ մշուշոտ

Օդանավակայանի մնացած հատվածը Օձուն համայնքի սեփականությունն է: 1999թ-ին ՀՀ այն ժամանակվա կառավարության որոշմամբ Օձունի օդանավակայանի գույքն առանձնացվել էր «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից ու հանձնվել համայնքին այնպես, ինչպես Ջերմուկի, Եղեգնաձորի, Վարդենիսի ու Գավառի օդանավակայաններինը:

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում զենքի վաճառքի մեջ են ներգրավված եղել

Ապրիլի 14-ին կազմակերպված հեռավար ասուլիսի ժամանակ Քաղավիացիայի կոմիտեի փոխնախագահ Գալուստ Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ խորհրդային փոքր օդանավակայանների ճակատագրերը դեռ անորոշ են: Անգամ Կապանի օդանավակայանը, որը երեք տարվա վերանորոգումից հետո արդեն պետք է վերագործարկվեր, ստիպված կլինի սպասել կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի ավարտին:

«Ոչ ոք չի կարող նշել, թե երբ կգործարկվի Կապանի օդանավակայանը՝ հաշվի առնելով այս իրավիճակը, հաշվի առնելով շինարարությունը, հաշվի առնելով վերահսկողական, սերտիֆիկացման ֆունկցիաները և այլն»,- ասել էր նա:

Պողոսյանը, սակայն, հույս հայտնեց, որ հետագայում ոչինչ չի խոչընդոտի օդանավակայանի վերագործարկմանը:

Իսկ որ փոքր ավիացիայի զարգացման միտում Հայաստանում կա, քաղավիացիայի կոմիտեի փոխնախագահը չի հերքում: Ըստ նրա՝ դրա մասին է վկայում վերջին 2 տարիների ընթացքում փոքր ինքնաթիռների ու ուղղաթիռների գրանցումների գործընթացը:

Նոր լոուքոսթերներ և «օդի հարկի» վերացում. ՀՀ ավիացիայի ոլորտում բարեփոխումներ կլինեն