ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Սոցիալական աջակցություն ստացողների ցանկն ընդլայնվել է` նպաստառու ընտանիքները ևս կստանան միանվագ աջակցություն։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ լուրը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նպաստառու ընտանիքները նպաստի կեսի չափով միանվագ աջակցություն կստանան։ Ընդ որում, այդ գումարի 30 տոկոսը կուղղվի կոմունալ ծախսի հաշիվներին, իսկ մնացած գումարը որպես առձեռն աջակցություն կտրամադրվի նրանց»,–ասաց վարչապետը։
Նա հայտնեց, որ այսօրվա քննարկումների արդյունքում որոշել են հակաճգնաժամային 8-րդ միջոցառումների ցանկում ընդգրկել նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին։ Աջակցություն կստանան նաև մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները։
Ազգային ժողովի մոտ քաղաքացին կարել է շրթունքները. պատճառը սոցիալական խնդիրներն են
Հիշեցնենք, որ կառավարության ութերորդ ծրագիրը նախատեսում է, որ միանվագ աջակցություն կստանան վարձու աշխատողները և անհատ ձեռներեցները։ Վարձու աշխատողը կստանա աջակցություն հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 136.000 դրամը, իսկ եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով՝ ապա ոչ պակաս, քան 68.000 դրամը։
Իսկ անհատ ձեռներեցներին աջակցություն կտրվի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։
Հիշեցնենք՝ երեկ հարկադիր պարապուրդի մատնված երթուղայինների վարորդները Երևանում բողոքի ցույց են անցկացրել, քանի որ արտակարգ դրության օրերին տրանսպորտի գործունեությունը սահմանափակելուց հետո առանց եկամտի են մնացել։
Չգազիֆիկացված համայնքներում ապրողներին կօգնեն վճարել հոսանքի վարձը. հարցը քննարկվում է