ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՔԿՀ–ներում պահվող, նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում դատախազությունը սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորների նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն: Վերոնշյալ 20 անձանցից 11-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 9-ը՝ այլ ՔԿՀ-ներում»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։
Նրանցից 13-ը մեղադրվում են սեփականության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների կատարման համար, 4-ը՝ անձի դեմ ուղղված, 2-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված, իսկ 1-ը՝ զինվորական հանցագործության:
Աբրահամյանը տեղեկացնում է, որ գործընթացը շարունակվում է, և կան դատարաններ ներկայացված՝ անձանց նկատմամբ խափանման միջոց կալանքի փոփոխման միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր:
Դատախազությունը կարևորում է այս գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնվող անձանց հետագա պատշաճ վարքագիծը և խափանման միջոցների փոփոխության հարցի քննարկման ժամանակ ելակետային է համարում նաև հատկապես քննությունից թաքնվելու և պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցագործություն կատարելու ռիսկերը:
COVID -19. ինչ իրավիճակ է Հայաստանում
Ազատության մեջ հայտնված անձանց տվյալները փոխանցվում են նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներին, որպեսզի նրանց պատշաճ վարքագծի նկատմամբ խիստ հսկողություն իրականացվի։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից հինգը կորոնավիրուսով են վարակվել։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1111–ի։
Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ