Ի՞նչ գործ ունեն ՀՀ-ում գրանցված օդանավերը Սուդանում ու Չադում. Փաշինյանն ունի պատասխանը

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների գործունեությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հայաստանում գրանցված օդանավերի մեծ մասը թռիչքներ է իրականացնում աֆրիկյան երկրներում ու ներգրավված է զենքի անօրինական փոխադրումների մեջ: Այսօր ԱԺ-ում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակին, նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2019թ-ի հաշվետվությունն այդ ոլորտի վերաբերյալ:

Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չէ. Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է աուդիտորի նամակը

«01.10. 2018թ-ի դրությամբ Հայաստանում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որոնց մեծ մասն աֆրիկյան երկրներում՝Հարավային Սուդան, Չադ: Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ: Ավիացիայի վարչությունը պարբերաբար ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ: Ներկայացվել են նաև գրություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»,- Հաշվեքննիչ պալատի տեղեկանքից մեջբերեց վարչապետը: 

Պետրոսյան. «Այս իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել մեր ավիացիան, կամ ստեղծել նորը»

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների գործունեությունը, իսկ ներկայացված տեղեկանքը տալիս է «ինչու» հարցի պատասխանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ 2019թ-ի աշնանը եվրոպական կազմակերպություններից մեկն ստուգել է հայաստանյան մի ավիաընկերության աշխատանքը: Իսկ քաղավիացիայի աշխատակիցը ավիացիայի կոմիտեի ղեկավարից թաքցրել է ստուգման արդյունքները: Իսկ երբ կեղծիքը բացահայտվել է ու պաշտոնյան հեռացվել է աշխատանքից, նա աշխատանքի է անցել նույն այդ հայաստանյան ավիաընկերությունում:

Ստեղծված իրավիճակի լուծումն ըստ վարչապետի ՝ ավիացիայի կոմիտեի կարգավիճակի փոփոխությունն է, որի արդյունքում այն կարող է դառնալ ինքնածախսածածկող ընկերություն, որն իրավունք կունենա նաև շահույթ ունենալու:

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ