Ֆոնսեկան ամեն գնով ուզում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին. իտալական ԶԼՄ–ներ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Արսենալից» «Ռոմա» տրանսֆերը շատ ցանկալի է իտալական թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկայի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան, կարծես, վերջնականապես որոշել է ամեն գնով ձեռք բերել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները:

Բազմիցս գրել ենք, որ երկար ժամանակ է բանակցություններ են ընթանում Լոնդոնի «Արսենալի» և «Ռոմայի» միջև Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Նշվում են տարբեր գումարներ, որ «Արսենալը» պահանջում է տրանսֆերի համար: Սակայն ներկայումս գումարի հետ կապված խնդիրը արդեն առաջնայինը չի համարվում:

Ինքնամեկուսացած Հենրիխ Մխիթարյանը «հարցազրույց» է անցկացրել երկրպագուների հետ. տեսանյութ

Transfermarktweb.com կայքի տեղեկություններով` «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան նախատեսում է փոխել իր թիմի խաղային ձեռագիրը, և նոր ձեռագրով, ըստ կայքի, թիմը խաղալու է կենտրոնական երեք պաշտպաններով, որտեղ Հենրիխն առանցքային նշանակություն է ունենալու` «Ռոմայի» հարձակման գծում գործելով Էդին Ջեկոյի թիկունքից:

Հենրիխ Մխիթարյանի կայացման փուլը իտալական ակումբում շատ լավ սկսվեց, բայց հետո հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայեց:

Ապաքինվելուց ու թիմի մեկնարկային կազմում իր տեղը հաստատելուց հետո Հենրիխը ևս մեկ անգամ ապացուցեց, որ շատ օգտակար ֆուտբոլիստ է «ջալոռոսիների» համար: Ու մինչև Convid19-ի համաճարակն ու ֆուտբոլային առաջնությունների ընդհատումը Մխիթարյանի` Իտալիայում մնալու հարցը միայն ֆինանսական լուծում էր պահանջում: «Ռոման» ուզում էր պահել Հենրիխին, հայ ֆուտբոլիստը դեմ չէր, և վերջապես «Արսենալն» էլ պատրաստ էր վաճառել Մխիթարյանի տրանսֆերը:

Մխիթարյանը պատրա՞ստ է քիչ ստանալ, բայց մնալ «Ռոմայում». Հենրիխի տրանսֆերային ոդիսականը

Հիմա, ըստ իտալական պարբերականների, «Արսենալը» նախկին 25 մլն-ի փոխարեն Հենրիխ տրանսֆերի համար պահանջում է արդեն 20 մլն, իսկ «Ռոման», անկախ իր ֆինանսական դժվարություններից ու պարտքերից, պատրաստվում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Խոսվում է նաև այն մասին, որ Հենրիխի տրասֆերային պատմությանն ուշադրությամբ հետևում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:  Այս մասին առաջին անգամը չէ որ նշվում է: Ռուսաստանի ուժեղագույն ակումբներից մեկը վաղուց է հետևում Մխիթարյանին, իսկ հայ ֆուտբոլիստի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, արդեն մեկ անգամ նշել է, որ խորհուրդ կտար իր եղբորը մտածել Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք տեղափոխվելու մասին:

Մխիթարյան, թե Սմոլինգ. «Ռոման» ընտրության առա՞ջ է կանգնած

Նշենք, որ Մխիթարյանը 2018 թվականին երեք տարով պայմանգիր է ստորագրել Լոնդոնի «Արսենալի» հետ, իսկ 2019 թվականին վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»:Հավելենք, որ 2019/20 թվականների չավարտված մրցաշրջանում Հենրիխը «Ռոմայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ, դարձել 6 գոլի հեղինակ ու կատարել 4 գոլային փոխանցում: