Արտագնա աշխատանքի մեկնողների համար Սուրեն Պապիկյանը Հայաստանում լավ առաջարկ ունի

Սուրեն Պապիկյանն առաջարկեց արտերկրում գրանցված ընկերությունները տեղափոխել Հայաստան ու Հայաստանում մասնակցել շինարարական աշխատանքների համար առաջիկայում հայտարարվելիք մեծ թվով մրցույթներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արտագնա աշխատանքի մեկնող հայ շինարարներին այս տարի առաջարկում է մնալ ու աշխատել սեփական երկրում: Նման առաջարկ նախարարը հնչեցրեց այսօր ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով արտագնա աշխատանքով ապրող քաղաքացիների գործազրկության խնդրին:

ՌԴ-ից եկող տրանսֆերտները կնվազեն. կորոնավիրուսը վնասել է նաև արտագնա աշխատանքի մեկնողներին

«Փաստ է, որ այլ երկրներում մեր շինարարները հայտնի են իրենց լավ շինարարի համբավով, իսկ մենք տարվա ընթացքում այստեղ ունենում ենք շինարարների պակաս: Ասեմ ավելին՝ այլ երկրներից գալիս և այստեղ շինարարություն են անում՝ Չինաստանից, Իրանից»,- ասաց նա:

Պապիկյանն առաջարկեց արտերկրում գրանցված ընկերությունները տեղափոխել Հայաստան ու Հայաստանում մասնակցել շինարարական աշխատանքների համար առաջիկայում հայտարարվելիք մեծ թվով մրցույթներին:

«Արդեն մեկնարկել են ու շուտով ավելի լայն թափով կմեկնարկեն տարբեր տեսակի աշխատանքներ, ճանապարհաշինութուն, տարբեր համայնքների, սուբվենցիոն ծրագրեր: Տասնյակ միլիոնների հասնող ծրագրեր են, այդ թվում՝ նաև ջրային ոլորտում կատարվող շինաշխատանքներ»,- ասաց նախարարը:

ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել աշխատանքը կորցրած հայերին

Պապիկյանը հայտնեց, որ մարզպետներին հանձնարարել է աշխատել նախկինում արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների հետ ու նրանց ուղղորդել Հայաստանում աշխատանք գտնելու հարցում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրներում, արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են երկրների մուտքերն ու ելքերը:

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 1111 է: Մահացել է 17 պացիենտ:

Վերջ «խոպանին». կառավարությունը կօգնի Հայաստանում վաստակել հանապազօրյա հացը