«Մտադիր չեմ որևէ տեղ մեկնել»․ Մայիլյանը հերքել է Ստեփանակերտից մեկնելու մասին լուրերը

Լուրերը, որ Մայիլյանը ընտրություններից հետո շտապել է Երևան, նախագահի նախկին թեկնածուն ապատեղեկատվություն է որակել և նշել է, որ չի պատրաստվում մեկնել Ստեփանակերտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը հերքել է լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկությունը, թե ինքը ընտրություններից հետո շտապել է Երևան հետագա անելիքները հստակեցնելու համար։

Արցախում նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը. Սարգսյանն արդեն շնորհավորել է

«Երևանյան լրատվամիջոցներից մեկը մի ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի անցած գիշեր ես իբր մի քանի օրով մեկնել եմ Հայաստանի մայրաքաղաք՝ իմ հետագա գործունեության հետ կապված հարցեր ճշտելու»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Մայիլյանն այդ ամենը իր դեմ ուղղված տեղեկատվական պատերազմ է որակել և նշել, որ անգամ ընտրություններից հետո չեն դադարում իր դեմ ապատեղեկատվություն տարածել։ Մայիլյանը վստահեցրել է, որ չի պատրաստվում Ստեփանակերտից որևէ տեղ մեկնել։

«Իրականում ես գտնվում եմ Ստեփանակերտում և մտադիր չեմ որևէ տեղ մեկնել։ Ճիշտ այնպես, ինչպես չեմ հեռացել 2007-ին, երբ քաղաքական հետապնդումներ էին իրականացվում իմ ու կողմնակիցներիս նկատմամբ»,- ասել է նա։

Փորձել են քվեաթերթիկը լուսանկարել. Արցախում ընտրություններից հետո քրգործեր են հարուցվել

Երեկ՝ ապրիլի 14-ին, Արցախում անցկացվեց նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է 47 165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 44,9 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 1876 քվեաթերթիկ։

Պողոսյան. «Միակ բանը, որ չի փոխվելու, արցախցիների հաստատակամությունն է»

Թեև քվեաթերթիկում նշված էր թեկնածու Մասիս Մայիլյանի անունը, այնուամենայնիվ, նա երեկ քվեարկությանը չի մասնակցել, ավելի վաղ կոչ էր արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին` խուսափելով կորոնավիրուսի տարածումից:

Հիշեցնենք, որ մարտի 31–ին կայացած ընտրությունների առաջին փուլից հետո մրցապայքարում էին մնացել Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Ընտրությունների առաջին փուլի արդյունքում նախկին վարչապետ (պետնախարար) «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։