ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բռնության հրապարակային կոչը և դրա արդարացումը քրեականացնող օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց՝ 97, դեմ՝ 14 պատգամավոր:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը մինչ քվեարկությունը մեկնաբանեց, որ օրենքի ընդունումից հետո այս արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 150-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
«Նույն արարքները, որոնք կատարվել են՝ մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 150-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա»,- ասաց Գալյանը:
Գյումրիում դանակով ոստիկանների վրա հարձակված վարորդն ու ուղևորը ձերբակալվել են․ ՔԿ
Նշենք, որ օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում «բռնության հրապարակային կոչի համար անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ մարդու սեռական, ռասայական պատկանելության, ինչպես նաև նրա մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական պատկանելության, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելու, գույքային կարողության, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով», ինչպես նաև բռնության արդարացման և քարոզչության համար:
Ատելության խոսքը սոցցանցերի հայկական տիրույթում, կամ որտեղ են թաքնված դրա արմատները