Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը, իսկ Պուտինն անհաղորդ մնաց․ ինչ էր ասում Լուկաշենկոն

Բելառուսի առաջնորդը գործընկերներին կատարյալ անվտանգություն է «երաշխավորել» ու վստահեցել, որ նրանք, ինչպես միշտ, կվայելեն Մինսկ այցելելու հաճույքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik.ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության մասնակիցները ոչ միանշանակ են արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ մայիսի 19-ին ԵԱՏՄ գագաթնաժողովն անցկացնելու համար Բելառուս այցելելու հրավերին։

«Բոլորիդ սպասում եմ Մինսկում, երաշխավորում եմ ձեր կատարյալ անվտանգությունը։ Վստահ եմ՝ ինչպես միշտ կվայելեք մեր Բելառուսի մայրաքաղաքում անցկացրած ժամանակը», - ասել է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների առցանց հանդիպման ժամանակ։

Բելառուսի նախագահի հրավերը լսելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ծիծաղել են, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևն ի պատասխան միայն գլխով է արել, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվրդով էր, նրա դեպքի ոչ մի մկան չշարժվեց։ 

Ռուսաստանում կորոնավիրուսի պիկը դեռ չի անցել, արտակարգ միջոցներ են անհրաժեշտ. Պուտին

Լուկաշենկոյի խոսքով՝ մայիսի 19-ին կայանալիք գագաթնաժողովին նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը մինչ 2025 թվականը, նաև կորոնավիրուսի համավարակից հետո միության մասնակից երկրների տնտեսության վերականգնումը։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել էր, որ ռուսական լրատվամիջոցները կողմնակալ կերպով են լուսաբանում կորոնավիրուսի դեմ Բելառուսի ձեռնարկած միջոցները։ Նրա խոսքով՝ ԶԼՄ-ները «նողկալի տեղեկություն» են հայտնում, իբր «բատկան իր ժողովրդին տրակտորով, օղիով ու շոգեբաղնիքով է բուժում»։

Իրավիճակը վերահսկվում է, բայց անհանգստացնող երևույթներ կան․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ հանդիպմանը

«Գիտեք՝ մի անգամ ոտքի վրա կատակեցի։ Բայց ամեն կատակի մի մասն է կատակ»,-ասել է Լուկաշենկոն ժողովի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Բելառուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատուկ հրավիրել է, որ գնահատի իրավիճակը հանրապետությունում։ «Իսկ դուք կարո՞ղ եք մասնագետներ կանչել ձեր երկիր․ ռուսներդ, ամերիկացիներդ։ ԱՀԿ ներկայացուցիչներն ասել են, որ բելառուսներից բողոք չունեն», - ընդգծել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք՝ ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 2 միլիոնին