ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու խնդրին:
Ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, Կաթողիկոսը կարևորել է համավարակի տարածման շրջանում Քոչարյանի առողջական վիճակը հետագա բարդացումներից ապահովելու անհրաժեշտությունը:
«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- ասված է կաթողիկոսի դիրքորոշում-պատասխանի մեջ:
Կաթողիկոսը նաև հիշեցնում է, որ համավարակի պայմաններում աշխարհի տարբեր երկրներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր վարակից։
«Նման հարցերում եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել»,- ասված է կաթողիկոսի պատասխանում:
Հիշեցնենք՝ ապրիլի 9–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ էր ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։
Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»
Պաշտպանական կողմը պահանջում էր կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տեսանկյունից խնդիրն այն է, որ կա խափանման միջոցի հետ կապված միջնորդություն, ինչն առավել հրատապ է այս վիճակում, քանի որ առկա է անմարդկային վերաբերմունքի հետ կապված հարց։ Այսինքն` պահման պայմանների առթիվ պետք է հաշվի առնվի կորոնավիրուսի հետ կապված զարգացումները։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ անգամ է դիմել ՄԻՊ-ին
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի: