Արցախում բացվել են ընտրատեղամասերը. մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլը

Նախագահական ընտրությունների անցկացման համար Արցախում կազմավորվել է 281 ընտրատեղամաս, որոնք նախապես ախտահանվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik.Արցախում արդեն բացվել են ընտրատեղամասերը, և մեկնարկել է ԱՀ նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը։ Ընտրություն պետք է կատարվի մարտի 31–ին առավելագույն քվե ստացած երկու թեկնածուների` Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև։

Արցախում մարտի 31 –ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում նախկին վարչապետ (պետնախարար) «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%։

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հայտնաբերվել

Արցախի Հանրապետության ոստիկանության տվյալների համաձայն` Արցախում ընտրելու իրավունք ունեցող 103 637 քաղաքացիներից 832–ն ընտրություններին կմասնակցեն Երևանում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված են լրացուցիչ ցուցակներում:

Ընդհանուր առմամբ կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը` Երևան քաղաքում:

Նշենք, որ երեկ ախտահանվել են բոլոր ընտրատեղամասերը, դրանց մուտքերը։ Ավելին, Արցախի առողջապահության նախարարությունը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել է դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր։ Պաշտպանիչ նյութեր են տրամադրվել նաև Արցախի ոստիկանությանը, իսկ ընտրողներից յուրաքանչյուրը կստանա գրիչ, դիմակ ու ձեռնոցներ։

Հիշեցնենք, որ ապրիլի 12–ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ իրավիճակ սահմանելու հրամանագիր է ստորագրել։ Չնայած դրան, նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չհետաձգվեց։