ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախի համապետական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը 50 %-ից պակաս է եղել: ԱՀ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն`տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալներով ժամը 20.00-ի դրությամբ հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 050 ընտրող կամ ընտրողների 44,9 տոկոսը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը 103 659 է: Սա, ի դեպ, չի կարող ընտրությունների վերջնական արդյունքի վրա որևէ ազդեցություն ունենալ: Բանն այն է, որ Արցախում ընտրություններն անցկացվում են նույն ընտրական օրենսգրքով, ինչ Հայաստանում, որտեղ համապետական ընտրությունների մասնակցության պարտադիր շեմ սահմանված չէ:
Գործող օրենսդրության համաձայն` ընտրությունները կայացած են համարվում, եթե դրանց ընթացքում չեն գրանցվել այնպիսի խախտոիմներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
Նշենք, որ օրվա ընթացքում ընտրողների պասիվությունը չէր վրիպել նաև լրատվամիջոցների ու ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանի ուշադրությունից:
Նա ասել էր, որ ընտրողների նման պասիվությունը կանխատեսելի էր ու պայմանավորված է անվտանգության կանոնների պահպանմամբ:
Արցախում բացվել են ընտրատեղամասերը. մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլը
Հիշեցնենք՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Վերջին երկու օրերին Արցախում նոր թեստավորումներ չեն իրականացվել:
«Չի կարելի գնալ այդպիսի ռիսկի». քաղաքագետը` Արցախի ընտրությունների մասին
Վերջին տվյալներով՝ Արցախում կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացի կա, որոնցից երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
Արցախում մարտի 31 –ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում նախկին վարչապետ (պետնախարար) «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։