Լավ լուր Ալավերդուց. արտակարգ իրավիճակում ծնվել են արտակարգ երեխաներ

Այս լարված օրերին Ալավերդու բժշկական կենտրոնում առողջ զույգ բալիկների լույս աշխարհ գալը բուժաշխատողներին երջանկացրել է ու հուսադրել, որ կորոնավիրուսն էլ կանցնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ալավեդու բժշկական կենտրոնում ապրիլի 11-ին 34-ամյա Աստղիկ Փիրուզյանն իր երկրորդ զույգ բալիկներին է լույս աշխարհ բերել՝ Նարեկին ու Նարեին։

Կնոջ հղիությունը վերահսկող և ընդունող բժիշկ Ռոզա Մաճկալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։

«Սա Փիրուզյան Աստղիկի երրորդ հղիությունն է։ Առաջին զավակին ծննդաբերել է ինքնուրույն։ Երկրորդ հղիությունը եղել է զույգ պտուղ, կատարվել է կեսարյան հատումով, երրորդ հղիությունը ևս զույգ պտուղ է, 37 շաբաթականում կեսարյան հատումով ծնվել են Նարեկն ու Նարեն»,-տեղեկացրեց բժիշկը։

Նարեկը ծնվել է 2․550գ քաշով, 48 սմ հասակով, իսկ քույրը՝ Նարեն՝ 2,120գ քաշով ու 48 սմ հասակով։

Բժշկուհի Մաճկալյանը տեղեկացրեց, որ այժմ թե՛ երեխաները, թե՛ նրանց մայրիկն իրենց լավ են զգում։ Նրանք հիվանդանոցում կմնան ևս երկու օր և տուն կգնան։

Զույգ բալիկներ` զույգ փորձանքներ. երկվորյակների տեսանյութն ուրախ էմոցիաներ է պարգևում

Տանը նրանց սպասում են քույրերն ու եղբայրը: Ի դեպ, Աստղիկի նախորդ երկվորյակ բալիկները նույնպես տարբեր սեռի են եղել: Այժմ բազմազավակ մայրիկը 3 աղջիկ, 2 տղա ունի: 

Նշենք, որ հիվանդանոցի ադրմինիստրացիան որոշել է առանձին պալատ տրամադրել չորս և ավել, կամ զույգ երեխա ունեցող մայրերին։

Բժիշկների պահանջով հղիները հետևում են մեկուսացման բոլոր կանոններին։ Մաճկալյանի խոսքով՝ արվում է ամեն ինչ, որպեսզի իրենք ամեն օր տեղյակ լինեն իրենց վերահսկողության տակ գտնվող հղիների վիճակից, և նրանք միայն անհրաժեշտության դեպքում հաճախեն հիվանդանոց։

Աստղիկը ևս մինչև կեսարյան հատումը մեկուսացված է եղել և հետևել է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր կանոններին։

Նա բնավ անհանգստություն չունի զույգ երեխաներին մեծացնելու դժվարությունների հետ կապված: Ասում է՝ փորձ ունի, իսկ Նարեկն ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ հիմա, ավելի ակտիվ է, լացում է ու իր պահանջները ներկայացնում։

Փոքրիկների հայրն այս օրերին հայրենիքի սահմաններն է հսկում։

Բժիշկները վստահեցնում են, որ հղիները կարգ ու կանոնին հետևել գիտեն, քանի որ նրանց համար դեռ չծնված երեխայի առողջությանը պահպանելն ամենակարևորն է։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 1067 է: Բուժվածներն այսօրվա դրությամբ 265–ն են, փաստացի բուժվողները`786–ը, ընդհանուր թեստավորվել է 8316 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։