«Մարս ավիան» կարող է վերջնականապես փակվել․ Ռևազյան

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձմռանը ընկերության աշխատանքում խախտումներ էր բացահայտել ու թերությունները շտկելու համար երեք ամիս ժամանակ էր տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Դեպի Աֆրիկա չվերթեր իրականացնող Հայաստանում գրանցված «Մարս Ավիա» ընկերությունը հնարավոր է մայիսի 1-ից դադարի գործել։ Տեղեկությունն այսօր տեսաասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

«Չկան փաստաթղթերը, որոնք հիմա մեզնից պահանջում են»․ Տաթևիկ Ռևազյան

Մարս Ավիա ավիաընկերության օդանավերը շահագործվում են Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում և Չադում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը «Մարս Ավիա» ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է «Մարս Ավիայի» Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար:

Ռևիզոր է գալիս. եվրոպացիները խիստ աուդիտ կանցկացնեն Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում

«Այս պահին ընկերության աշխատանքը կասեցված է, քանի որ այնտեղ խնդիրներ են բացահայտվել։ Եթե խնդիրների լուծման մասին վկայող փաստաթղթեր չներկայացվեն, ապա այն կդադարի աշխատել», - նշեց Ռևազյանը։

Ընկերությունը ապրիլի 15-ին պետք է ներկայացնի փաստաթղթերը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում գրանցված ընկերությունները չվերթեր էին իրականացնում Աֆրիկա, իսկ Քաղավիացիայի կոմիտեն չէր կարող թռիչքների անվտանգության անկախ ստուգումներ անցկացնել, ինչը միջազգային կառույցների մոտ զարմանք էր առաջացնում։

Կասեցվել է «Մարս Ավիայի» շահագործողի վկայականը. Քաղավիացիայի կոմիտե

Ռևազյանը նշեց, որ Հայաստանում գրանցված ընկերությունները պետք է դադարեցնեն չվերթեր կատարել աֆրիկյան մայրցամաքում։

«Մենք արտահերթ ստուգումներ անցկացրինք, որի արդյունքում «Տարոն ավիայի» մոտ խնդիրներ բացահայտվեցին։ Ընկերությունը փակվեց։ Ապագայում ուզում ենք ընդհանրապես դադարեցնել չվերթեր իրականացնել Աֆրիկայում», - նշեց Ռևազյանը։

Հիշեցնենք՝ 2019 թվականի հոկտեմբերին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, որ այդ ընկերության ինքնաթիռը առանց շասսի վթարային վայրէջք է կատարում Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում։