Ոստիկանության 4 ծառայողի մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են

Ոստիկանության ծառայողներին կալանավորելու որոշման համար արդեն իսկ բողոք է ներկայացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից քննչական միջոցառումներ իրականացնելու արդյունքում 4 ոստիկան կալանավորվել է: Sputnik Արմենիային հայտնեց ոստիկաններից երեքի պաշտպանը` Գարիկ Գալիկյանը։

«Ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել և նրանց խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,–ասաց փաստաբանը։

Գալիկյանը նշեց, որ բողոքարկել է կալանավորման որոշումները:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ԱԱԾ աշխատակիցները շրջափակել էին ոստիկանության Դավթաշենի բաժանմունքը և այնտեղ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ համատեղ քննչական միջոցառում էին իրականացրել։

ԱԱԾ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ միջոցառումներն անցկացվում են հարուցված քրեական գործի շրջանակում։ Իսկ թե որ քրգործի շրջանակում, չէին հստակեցրել։