Կորոնավիրուսով վարակվածներ կան նաև ժամկետայինների շրջանում. ծնողները տեղյակ պահվո՞ւմ են

Կորոնավիրուսով վարակված ժամկետային ծառայողներից 3-ն արդեն բուժվել ու ծառայության են անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտնեց, որ ծնողները, անկախ այն հանգամանքից` ժամկետային, թե պայմանագրային զինծառայողներն են, տեղեկացված են լինում տղաների` կորոնավիրուսով վարակված լինելու մասին։

«Ծնողների հետ կապ է հաստատվում, և նրանք տեղյակ են լինում ոչ միայն տղայի` վարակված լինելու, այլ նաև բուժման ընթացքի մասին»,– ասաց Օհանյանը։

Մեր հաջորդ հարցին, թե կորոնավիրուսով վարակվածների մեջ կա՞ն արդյոք ժամկետային զինծառայողներ, քանի որ նախկինում հայտնի էր, որ վարակվածները միայն պայմանագրայիններ էին, Օհանյանը պատասխանեց` այո, կան նաև ժամկետայիններ։

Զորակոչի ժամկետը կհետաձգվի՞. զինկոմիսարիատները կազմ–պատրաստ են

Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված ժամկետային ծառայողներից 3-ն արդեն բուժվել ու ծառայության են անցել։ Օհանյանը հույս հայտնեց, որ մոտակա օրերին մյուսներն էլ դուրս կգրվեն։

Անդրադառնալով Արցախի զորամասերում տիրող իրավիճակին` Օհանյանը հայտնեց, որ այնտեղ կորոնավիրուսով վարակվելու որևէ դեպք չկա։

Հիշեցնենք, որ Օհանյանն այսօր որևէ տվյալ չհայտնեց, թե ԶՈՒ–ում քանի վարակված կա։ Նա միայն տեղեկացրեց` 6 զինծառայող արդեն իսկ բուժվել ու անցել են ծառայության։

Շարժական լաբորատորիայում արդեն 165 նմուշառում է կատարվել. ինչպիսին են պատասխանները

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1039–ի։