Հայտնի են «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցների թեստերի պատասխանները

14 օր տևած կարանտինն ավարտվել է։ Ընկերության ինքնամեկուսացած անդամների թեստերի պատասխանը նույնն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացած բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են:

««Ավիաբուժ»բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է ընկերության վարչական շենքը համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կոմիտեն շնորհակալություն է հայտնում ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հիշեցնենք` մարտի 15–ին հայտնի դարձավ, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է ՀՀ տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար, ինքնամեկուսացել է։