«Հայերն այս դժվար պահին մեր կողքին են». ՀՀ հումանիտար խումբը օգնել է Հալեպի հոսպիտալին

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը երեկ` ապրիլի 12–ին, Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Տեղեկությունը հաղորդում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։

Հալեպում միայն մարտ ամսին հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել  1169 տեղաբնակի

Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։

«Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են,- նշել է գեներալը։

Հալեպի արվարձանում վերականգնում են Էլ Համդանիա շրջանը. լուսանկարներ

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։

Նշենք, որ միայն 2020-ի մարտ ամսվա ընթացքում հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծվել է 19697 քառակուսի մետր ականապատ տարածք: Սիրիայում գտնվող մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 տեղաբնակների։