ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի ֆոնին չի ընդունել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ներկայացրած հրաժարականի դիմումը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հաղորդել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Նշենք, որ Սոյլուն հրաժարական էր ներկայացրել երկրում պարետային ժամ հայտարարելուց հետո իր հասցեին հնչած քննադատությունների ֆոնին։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ուրբաթ ուշ երեկոյան հայտնել էր, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ապրիլի 121–ին և 12–ին 31 նահանգի, այդ թվում Անկարայի, Ստամբուլի և Անթալիայի բնակիչների համար կգործի փողոց դուրս գալու արգելք: Այս որոշումը բուռն քննադատության էր արժանացել, քանի որ դրանից հետո մարդկանց մեծ կուտակումներ էին առաջացել մթերային խանութներում։
Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ Վրաստանի տարածքով վերադառնում են Հայաստան
Թուրքիայի նախագահականի այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Սուլեյման Սոյլուն, որը նախարար է նշանակվել 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո, մինչ օրս կատարած գերազանց աշխատանքի շնորհիվ արժանացել է ազգի վստահությանը:
Հիշեցնենք, որ Սուլեյման Սոյլուն հրաժարականի դիմում էր ներկայացրել երեկ` ապրիլի 12–ին։