ՌԱԴԻՈ

«Չի կարելի գնալ այդպիսի ռիսկի». քաղաքագետը` Արցախի ընտրությունների մասին

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացնելու հանգամանքին։ 
Sputnik
«Չի կարելի գնալ այդպիսի ռիսկի». քաղաքագետը` Արցախի ընտրությունների մասին

Նարեկ Գալաստյանի կարծիքով` ընտրությունները պետք է հետաձգվեին` հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, այն էլ այնպիսի տարածքում, ինչպիսին Արցախն է։ Նա հույս ունի, որ Արցախի իշխանությունները գիտակցում են այդ վտանգն ու դրա հնարավոր հետևանքները, որ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացման հավանականությունը կարող է մեծ լինել։

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում

«Չեմ կարծում, որ ընտրությունների հետաձգումը որևէ կերպ կխաթարեր Արցախի քաղաքական կայունությունը։ Չէի սպասում, որ այսքանից հետո, տեսնելով նաև Հայաստանում առկա իրավիճակը, կարելի է գնալ այդպիսի ռիսկի` կազմակերպելով նման զանգվածային միջոցառում»,– նշում է քաղաքագետը։

Նարեկ Գալստյանի գնահատմամբ` նույնիսկ արտակարգ դրության պայմաններում ապրիլի 14-ին որոշակի ակտիվություն կլինի։ Բայց նաև նշում է մեկ այլ հանգամանք` առաջին փուլի մասնակիցներից ոմանք իրենց հետևորդներին, համախոհներին կոչ են արել չմասնակցել ընտրություններին, ինչը որոշակիորեն կնվազեցնի մասնակիցների թվաքանակը։ 

«Հուսով եմ` Ադրբեջանը պատասխանատվություն կունենա իր ժողովրդի հանդեպ». Մնացականյան

«Եթե լինելու է արտակարգ դրություն, ապա հասկանալի է, որ ընտրություններից հետո զանգվածային միջոցառումները սահմանափակվելու կամ ամբողջովին արգելվելու են։ Հետևաբար եթե ընտրությունների արդյունքներից բողոքողները որոշեն անկախ ամեն ինչից դիմել զանգվածային միջոցառումների մեթոդներին, ապա կարծում եմ, որ կլինեն որոշակի հուզումներ, գուցե կկիրռավեն կոշտ մեթոդներ, ինչը բոլորովին ցանկալի չէ»,– նշում է քաղաքագետը։

Արցախում կորոնավիրուսով վարակվածներից մեկի վիճակը միջին ծանրության է

Նարեկ Գալաստյանը հույս ունի, որ Արցախի իշխանությունները հաշվարկել են իրենց քայլերը։ Նա ակնկալում էր, որ ընտրությունները կհետաձգվեին, բայց եթե գնացել են այդ քայլին, ապա հավանաբար հաշվարկել են նաև հետընտրական զարգացումների սցենարը` հուսալով, որ եթե անգամ դժգոհողներ լինեն, չեն դիմի գործողությունների ու կսպասեն արտակարգ դրության ավարտին, կամ էլ դժգոհությունը կդրսևորվի ԿԸՀ–ում արդյունքները բողոքարկելու միջոցով։ Քաղաքագետն ամեն դեպքում արտառոց է համարում արտակարգ իրավիճակի պայմաններում զանգվածային նման միջոցառման կազմակերպումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12–ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ իրավիճակ սահմանելու հրամագիր է ստորագրել։ Չնայած դրան, ապրիլի 14-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի և կանցկացվի արտակարգ իրավիճակի պայմաններում։